Վարչական դատավարությունում գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի: Գրավոր փաստաթղթի իսկության ապացուցման բեռը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե վիճարկող կողմը դրան չի առարկում:
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև վիճող կողմերի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում իսկությունը վիճարկող կողմը պետք է ապացուցի դրա ոչ իսկական լինելը:
Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաև դատարանի նախաձեռնությամբ:
Փաստաթղթի իսկությունը ստուգելիս դատարանը կարող է կարգադրել անձին, որի ձեռագրի իսկությունը պետք է հաստատվի ապացույցով, դատարանի կամ փորձագետի ներկայությամբ գրել որոշակի տեքստ:
Եթե դատարանը եկավ այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից:
Աղբյուրը` Իրավաբան.net