Քաղաքացիական դատավարությունում գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

Ընդհանուր իրավասության դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
Սնանկության գործերը նույնպես վարվում են դատավորի կողմից` միանձնյա:
Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:
Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով:
Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:
Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:
Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:
Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը ու կցվում է գործին:
Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:
Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել