Ներկայումս կատարողական վարույթն ավարտելուց հետո (բացառությամբ եթե վարույթն ավարտվել է պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու դիմումի հիման վրա) պարտապանի գույքի վրա դրված արգելանքները պահպանվում են անժամկետ, ինչը խնդիր է առաջացնում այն դեպքում, երբ տևական ժամանակ պահանջատերն այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում կատարողական թերթի պահանջների կատարման նկատմամբ և չի դիմում կատարողական վարույթը վերսկսելու համար:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծը:
Նա ասաց, որ առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է բռնագանձման արդյունքում պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու նպատակով: Արդյունքում՝ անհրաժեշտություն է առաջանում կարգավորում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ միակ բնակարանի արժեքի 75 տոկոսը բարձր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, սակայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում այն իրացվի ավելի ցածր գնով:
Գործող կարգավորման պայմաններում պարտապանի միակ բնակարանը (որոշակի արժեքի սահմաններում) չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում, ինչի արդյունքում պարտապան ֆիզիկական անձը իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է մնալ անօթևան:
Այս նախագծի կարգավորումների համատեքստում անհրաժեշտ է անդրադարձ կատարել նախևառաջ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության (ընդունվել է 1952 թվականի մարտի 20-ին) 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքին:
Համաձայն հիշյալ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:
Ինչպես բխում է ամրագրումից, սեփականության իրավունքը, այնուամենայնիվ, բացարձակ իրավունք չէ: Այն ենթակա է սահմանափակումների, որոնք հստակ նկարագրված են 1-ին արձանագրության 1-ին հոդվածում: Գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը կարող է թույլատրվել միայն, եթե այն.
- նախատեսված է օրենքով,
- բխում է հանրային շահից,
- անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:
Այսպես, գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունն առաջին հերթին պետք է բավարարի իրավաչափության պահանջը: Իրավական հիմնավորվածության սկզբունքը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է: Օրենքը, որի հիման վրա պետությունը սահմանափակել է գույքից օգտվելու հնարավորությունը, ինքնին բավարար չէ ձևականորեն (ֆորմալ) ներպետական իրավական աղբյուր դիտվելու համար, այն պետք է ներառի նաև որակական որոշակի հատկանիշներ և ապահովի պատշաճ դատավարական երաշխիքներ՝ կամայական գործողություններից պաշտպանվելու համար:
Ի լրումն վերոշարադրյալի՝ գործադիրը նշում է, որ անհատի սեփականության իրականացմանը միջամտելը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ այն հետապնդում է իրավաչափ նպատակ՝ ելնելով ընդհանուր (հանրային) շահից: Իրավաչափ այս պայմանի լույսի ներքո մեկնաբանելով պահանջի իրավունքը՝ անհրաժեշտ է նկատել, որ այն իր մեջ ներառում է նաև «հանրային շահի» տարրեր: Ելնելով Նախագծի կարգավորման առարկայից՝ եթե անգամ վերացականորեն չընդունենք, որ պահանջի իրավունքը ևս ներառվում է «հանրային շահ» եզրույթի բովանդակության մեջ, ապա պետք է արձանագրել, որ հիշյալ հոդվածը թույլատրում է պետությանը միջամտել անձի սեփականության իրավունքից անարգել օգտվելուն, եթե դա անհրաժեշտ է «մյուս գանձումների» ապահովման համար:
Գույքից անարգել օգտվելուն միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու կարգավորումները ապահովում են բարենպաստ հավասարակշռություն:
Այսպիսով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում ընդլայնելու պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը, և պարտապանին հնարավորություն տալու իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:
Իրավաբան.net