Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, ուղարկվում են հասցեատերերին:
Դատապարտյալի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները գրաքննության ենթակա չեն:
Պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ դատապարտյալի ներկայացրած առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների և գործողությունների կատարումը:
Դատապարտյալի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում (1 ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին) և ընդունված որոշումների մասին տեղյակ պահել դատապարտյալին:
Արգելվում է որևէ ձևով հետապնդումը դատապարտյալի նկատմամբ իր իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Աղբյուրը` Իրավաբան.net