Խոսքի ազատության պաշտպանության կոմիտենԵրևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը հայտարարությունը են տարածել` դատապարտելով ապրիլի 22-ին Երևանի Բաղրամյան պողոտայում «1in.am» լրատվական կայքի օպերատորների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ նույն լրատվամիջոցի թղթակից Սիրանույշ Պապյանի նկատմամբ վիրավորական արտահայտություն թույլ տալու վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.
«Ապրիլի 22-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանները կրկին բռնություն են կիրառել ու խոչընդոտել ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը։ Այս անգամ թիրախ են դարձել «1in.am» լրատվական կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը և Սևակ Սողոմոնյանը, որոնք լուսաբանում էին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության երթը դեպի նախագահական նստավայր։
Հարձակման հետևանքով վնասվել են «1in.am»-ի նկարահանող տեսախցիկը, ուղիղ եթեր ապահովող սարքը, ինչպես նաև խմբագրությանը պատկանող հեռախոսը: Իսկ օպերատորներին բիրտ ուժի գործադրմամբ նստեցրել են ոստիկանական մեքենա՝ սահմանափակելով տեղաշարժը և խոչընդոտելով նրանց գործունեությունը։ Այս ամենից «1in.am»-ի աշխատակիցներին չի պաշտպանել նույնիսկ ներկայանալն ու խմբագրության վկայական ցույց տալը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ պահանջեցին վերոհիշյալ դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ոստիկանությունն իր ձեռագիրը չի փոխում։ Ոստիկանապետը նախ հակադարձեց. «Դուք դեղնում եք, գունաթափվում եք…», ապա «1in.am»-ի թղթակից Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, արձագանքեց բարձրաստիճան պաշտոնյային անհարիր խոսքերով. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում…»:
Մենք արտահայտելով մեր վրդովմունքը վերոհիշյալ դեպքերի առնչությամբ, պահանջում ենք.
-ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից՝ միջոցներ ձեռնարկել «1in.am»-ին պատճառված վնասը փոխհատուցելու համար, հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից և այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին,
-ՀՀ դատախազությունից՝ ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին և պատասխանատվության ենթարկել վերոհիշյալ իրադարձությունների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին»։
Իրավաբան.net