«Վրացական երազանք» ընդդիմադիր շարժման ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Մաեստրո» և «ՏՎ – 9» հեռուստաալիքները թաքնված տեսախցիկով նկարահանված կադրեր են տարածել, որտեղ երևում է, թե Թբիլիսիի Գլդանի բանտում ինչպես են խոշտանգում կալանավորներին:
Տեսանյութը հեռուստաալիքներին է փոխանցել բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ով այժմ ապրում է Բելգիայում:
Բեդուկաձեն պնդել է, որ բանտարկյալներին խոշտանգել են անձամբ ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի հրահանգով, իսկ պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն, ում արդեն հեռացրել են, տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում: Ձերբակալվել են նաև բանտի գլխավոր պատասխանատուները, իսկ տեսանյութերը փոխանցած Վլադիմիր Բեդուկաձեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Տեսանյութի տարածումից հետո ազատազրկվածների հարազատները բողոքի ցույցերի են դուրս եկել երկրի մի քանի քաղաքներում`պահանջելով հեռացնել ու պատժել մեղավորներին: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է պատժել բոլոր մեղավորներին:
Աղբյուրը` Իրավաբան.net