ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2012 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կալանավորված անձանցից 5-ը սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ են, իսկ 2-ը՝ տվյալ ծառայության պաշտոնատար անձի բարեկամներ, որոնց միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել են խոշոր չափերի գումարներ:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանը, օժտված լինելով կենսաթոշակների եւ սոցիալական առանձին ծրագրերի շտեմարանները տարածքային բաժիններից ստանալու, գրանցելու, ձեւավորված շտեմարանը վերահսկելու, տվյալների տրամադրումը կառավարելու լիազորություններով, իր քրոջ ամուսնու՝ Ա.Խաչատրյանի, ինչպես նաեւ կնոջ քրոջ ամուսնու՝ Բ.Մուրադյանի հետ 2007-2008թթ. Խարդախությամբ պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 15 մլն դրամ կենսաթոշակի գումարներ: Մասնավորապես՝ բաժնի պետը կենսաթոշակառուների շտեմարաններից ընտրել եւ առանձնացրել է տեւական ժամանակ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների եւ նրանց վճարման ենթակա գումարների տվյալները, ապա նրանց անունից, իբրեւ տարածքից բացակայողների, ներկայացրել է կեղծ դիմումներ՝ կենսաթոշակի վճարումը վերսկսելու եւ կուտակված գումարները ստանալու վերաբերյալ, իսկ քրոջ ամուսինն ու կնոջ քրոջ ամուսինը, ներկայանալով որպես կենսաթոշակառուների վստահված անձինք, խաբեությամբ ստացել են այդ գումարները:
Մեկ այլ դրվագով բավարար ապացույցներ են ձեռք բերվել «Շենգավիթ -1» տարածքային բաժանմունքի պատասխանատուի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ վերջինիս հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները եւ կեղծելով նրանց ստորագրությունները՝ ելքագրել են կենսաթոշակների գումարներն ու յուրացրել:
Նման մեխանիզմով չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանման վճարող տեսուչներ կողմից:
Նախաքննության ընթացքում 24 մեղադրյալների կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 72.204.048 մլն ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 36.305.936 մլն ՀՀ դրամը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք եւ կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
18.09.12թ. դրությամբ քրեական գործից անջատվել եւ դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ՝ տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net