«Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիան չեղյալ հայտարարելու վերաբերյալ Վենեսուելայի կառավարության որոշումը, և դրա հիման վրա Միջ-ամերիկյան դատարանից դուրս գալը անարգանք է մարդու իրավունքների խախտման զոհերի նկատմամբ,» հայտարարել է Amnesty International-ը։
Երեքշաբթի օրը Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Խոսե Միգել Ինսուլսան հաստատել է, որ ստացել է Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի անդամությունից և Մարդու իրավունքների Միջամերիկյան դատարանից դուրս գալու վերաբերյալ Վենեսուելայի կառավարության դիմումը և նշել, որ ԱՊԿ-ն մեկ տարվա ընթացքում կդիտարկի այն։
Այս քայլը նշանակում է, որ Վենեսուելայում մարդու իրավունքների խախտման զոհերը չեն կարողանա իրենց բողոքն ուղղել տարածաշրջանային դատարանին։
«Այս քայլը անարգանք է` ուղղված մարդու իրավունքների խախտման զոհերին և Վենեսուելայի ապագա սերունդներին, ովքեր զրկվում են այս տարածաշրջանային մարմնին դիմելու հնարավորությունից այն ժամանակ, երբ նրանց իրավունքները պաշտպանություն չեն գտնի իրենց սեփական երկրում,» հայտարարել է Amnesty International-ի Ամերիկյան տարածաշրջանի ծրագրի տնօրեն Գվադալուպե Մարենգոն։
Մարդու իրավունքների տարածաշրջանային և ազգային համակարգերը ստեղծված են արդարադատության և մարդու իրավունքների խախտումների դեպքերում փոխհատուցում ապահովելու, երբ ազգային արդարադատության համակարգերը իրենց նպատակին չեն ծառայում:
Մարդու իրավունքների տարածաշրջանային համակարգը, որն իր մեջ ներառում է Մարդու իրավունքների գծով Միջամերիկյան հանձնախումբն ու Միջամերիկյան դատարանը, ամբողջ Ամերիկա մայրցամաքում պաշտպանության ներպետական միջոցների կարևոր բաղադրիչ է հանդիսանում։
Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո Վենեսուելայի բնակիչները այլևս Ամերիկյան մայրցամաքի մարդու իրավունքների պաշտպանության բարձրագույն մարմնին՝ Միջամերիկյան դատարանին դիմելու հնարավորություն չեն ունենա։
Վենեսուելայի կողմից մարդու իրավունքների տարածաշրջանային դատարանի հետ հարաբերությունների խզումը «անարգանք է զոհերի նկատմամբ»

