Շատ հաճախ իրավական ակտերը այնքան էլ հստակ և միանշանակ չեն լինում, ինչը հանգեցնում է նշված ակտերի տարաբնույթ ընկալման:
«Նման դեպքերում, ինչպես նաև իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով օրենքը հնարավորություն է տալիս իրավասու մարմնին տալ պաշտոնական պարզաբանում»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը պետք է ունենա ընդունման օր, հերթական համար և վերնագիր:
Իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումներ կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած իրավական ակտը կիրառող գործադիր իշխանության մարմինը` ընդ որում, մեկ բնագավառի վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք ունի միայն մեկ մարմին.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.
գ) կարգավորող հանձնաժողովները` իրենց կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.
ե) համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու և իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:
Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով:
Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձանց ստորագրությամբ:
Պաշտոնական պարզաբանում ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր դիմումում պետք է նշի սույն հոդվածի առաջին մասով սահմանված հակասությունների, տարաբնույթ ընկալումներ կամ այլ հարցերով պարզաբանում ստանալու անհրաժեշտության մասին` նշելով առաջադրված հարցերի իրավական հիմքերը: Նա կարող է ներկայացնել հարցերի պարզաբանման միայն մեկ տարբերակ:
Պաշտոնական պարզաբանումները տրվում են դիմումն ստանալուն հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում: Նշված ժամկետում պաշտոնական պարզաբանումը չստանալու դեպքում դիմող անձն իրավասու է իրավական ակտի պահանջներն իրականացնելիս առաջնորդվել իր ներկայացրած պարզաբանման տարբերակով: Սակայն այդ պարզաբանումը պետք է ուղղակիորեն բխի իրավական ակտի պահանջներից, չպետք է փոփոխի դրա իմաստը, պետք է պարզաբանվի օրենքի պահանջների պահպանմամբ և դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Եթե դիմողն առաջնորդվել է օրենքի պահանջների պահպանմամբ տրված պարզաբանումով, ապա այդ պարզաբանման և իրավասու մարմնի հետագայում տված պարզաբանման կամ եզրակացության միջև հակասություն առաջանալու դեպքում դիմող անձն ազատվում է ոչ ճիշտ պարզաբանման հետևանքով թույլ տրված սխալների համար նախատեսված պատասխանատվությունից:
Պաշտոնական պարզաբանումների մեկ օրինակը, դրանց ստորագրման օրվան հաջորդող երրորդ օրը, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը պարտավոր է «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» առաջիկա համարում հրապարակել դա:
Աղբյուրը` Իրավաբան.net