Բոլորն էլ, երևի, նկատել են բանկերի մոտ ավտոմեքենաներ, որոնց վրա գրված է «ինկասացիա», իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ինկասացիոն գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) և հանձնումը:
Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաև կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:
Ինկասացիոն գործունեություն կարող են իրականացնել միայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձինք, որոնց կանոնադրական կապիտալը կազմում է առնվազն 20 միլիոն դրամ:
Ինկասացիոն կազմակերպությունները և նրանց մասնագիտացված աշխատակիցներն իրենց գործառնական պարտականությունները կատարելու համար իրավունք ունեն օգտագործելու քաղաքացիական և ծառայողական զենք, իսկ առանձին դեպքերում` ոստիկանության կողմից ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի առանձին տեսակներ: Ինկասացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է կառավարությունը:
«Ինկասացիոն կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ միավոր զրահապատ ավտոտրանսպորտային միջոց: Այն պետք է ունենա գունային տարբերակում, սարքավորված լինի ռադիոկապով, ինչպես նաև հատուկ ձայնային և լուսնասպիտակ առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշաններով»:,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Ինկասացիոն կազմակերպությունն իրավունք չունի իրականացնելու այլ գործունեություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Ինկասացիոն կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովագրել իր կողմից փոխադրվող կանխիկ դրամը, ինչպես նաև ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների կյանքը և առողջությունը: Կանխիկ դրամի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով կարող է ապահովագրողի և ինկասացիոն կազմակերպության համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի` գլխավոր պոլիսի միջոցով:
Այլ արժեքների ապահովագրումը կատարվում է պատվիրատուի ցանկությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.Net