Ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, կալանավորվածներին պահելու վայրում տեխնիկատնտեսական, սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով թողնված դատապարտյալին, ելնելով կատարվող աշխատանքի բնույթից, կարող է թույլատրվել առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս:
«Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տրամադրվում կամ այն վերացվում է ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ`առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն կարող է տրամադրվել միայն օրինապահ վարքագիծ դրսևորող դատապարտյալին՝ պատժի ժամկետի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո:
Բացի այդ, դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս բերվել չի թույլատրվում առանձնապես վտանգավոր կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդության դեպքում, այդ թվում՝ բացիլազատ պալարախտով հիվանդ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ամբողջ կուրսը չանցած կամ մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձին։
Աղբյուրը`Իրավաբան.net