Հաստատագրված վճարը Հայաստանի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին:
Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և կամ շահութահարկի գումարին:
Ի թիվս այլոց, հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող և հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 25-ը: Վճարողներն այդ ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:
Աղբյուրը` Իրավաբան.net