Վենետիկի հանձնաժողովը տարբերակում է մտցնում ցուցակների պաշտոնական հրապարակման և դրանց հասանելիության միջև. Արփինե Հովհաննիսյան

«Բազմիցս նշել ենք, որ ընտրողների ցուցակների հրապարակումը խնդրահարույց է ոչ թե այն տեսանկյունից, որ մարդկանց պետք չէ հնարավորություն ընձեռել ծանոթանալու  ցուցակներին, այլ խոսքը վերաբերում է պաշտոնական հրապարակմանը, երբ որ պաշտոնական տեսքով դրանք կարող են հրապարակվել  և համարվել իրավական պաշտոնական փաստաթուղթ: Ընտրողների ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է ընտրության գաղտնիության տարրերից մեկը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստին, քննարկելով ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարկման հարցը,  վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն: Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում, ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն և հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին:

«Ակնհայտ է, որ այս ձևակերպումը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման և ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջև: Կարծում ենք՝ այն մոտեցումը, որն այսօր ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, այն է՝ վստահված անձանց հնարավորություն ընձեռել առանց վերահաշվարկի պահանջի ծանոթանալ ընտրողների ցուցակին, ընդ որում, դրանից անել  քաղվածքներ, համեմատել նախօրոք հրապարակված ցուցակների հետ, փաստացի ապահովում է երաշխիք՝ ընտրողների ցուցակի մատչելիության և հասանելիության համար»,- եզրափակեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել