«Մենք ամսի 28-ից կասկածում էինք ու կասկածաներն օր-օրի ավելի ու ավելի լուրջ էին դառնում: Ոստիկանոթյան հետ համագործակցել ենք ամեն կերպ: Ոստիկանությանը առաջնային տվյալները մենք ենք տրամադրել, բնականաբար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը՝ անդրադառնոլ իր ղեկավարած ՀԿ-ում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի սպանության դեպքին:
Դ. Իոննիսյանը հայտնեց, որ Կարենի սպանելու մոտիվը եղել է կատարված խարդախության կոծկումը: Այսպես, Կարեն Վարդանյանը 300 հազար դրամի պարտք է ունեցել, և այն չվճարելու պատճառով ԴԱՀԿ ծառայությունը պետք է կալանքի տակ առներ իրեն պատկանող բնակարանը: Հարևանը՝ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը Կարենի վստահությունը շահելով համոզել է բնակարանն իր անունով գրանցել, որպեսզի Գևորգը վաճառի բնակարանն ու գումարն իրեն փոխանցի: Բնակարանը Գևորգին նվիրատվություն անելուց հետո, Գևորգն այն վաճառել է:
Մեր այն հարցին, թե ի՞նչ գնով է վաճառվել Կարենի բնակարանը, Դանիել Իոննիսյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում 30 հազար դոլարով է ծախել, բայց դա միարժեք չի: Չգիտեմ, ինձ հենց այդ Գևորգն է ասել, թե որքանով է մարդասպանը ճիշտ ասել, չգիտեմ»:
Դանիել Իոննիսյանը ասաց նաև, որ իր պատկերացմամբ տաքսիստ Արթուր Միհրանյանը, ով, ըստ նախնական տեղեկության, մասնակից է սպանությանը, Գևորգը ճանաչել է: Գևորգն ընտանիք ունի, մոր և եղբոր հետ Դանիելը տեսել է:
Հետաքրքիր է նաև 300 հազար դրամի պարտքի դրվագը: Դ. Իոննիսյանի խոսքով, գումարը պարտքով վերցված է եղել Կարենի մայրիկի անունով և նրա մահից հետո պարտքը ժառանգել է Կարենը (մայրը մահացել է նախորդ տարվա փետրվարին): Եվ պարզվում է, որ այդ գումարը Կարենը պարտքով վերցրած է եղել քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցի համար ինչ-որ տեխնիկա գնելու համար: Նշենք, որ Սուրենյանցի անունը վերջին շրջանում շրջանառվում է խարդախությանբ գործերով, նա ամբաստանվում է:
«Պատկերացրեք, թե որքան միամիտ և վստահության մեջ մտնող մարդ էր Կարենը»,- ասաց Դանիել Իոննիսյանը: