Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ բավարարել է փաստաբան Արմեն Հայրապետյանի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը:
Այս քրեական գործով ամբաստանյալ Զորիկ Գրիգորյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասով:
Ամբաստանյալ Զորիկ Գվիդոնի Գրիգորյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2001թ. դեկտեմբերի 06-ից հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունում հաշվառված «Սեգալ Հոլլ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրն ու տնօրենը, 2008 թվականի հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկում համախառն եկամուտը 104.636.000 դրամ գումարի չափով պակաս ցույց տալու, իսկ համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսերը 70.577.886 դրամ գումարով պակաս ցույց տալու, ինչպես նաև 2009 թվականի հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսերի մեջ 50.278.416 դրամ գումարի չափով ավել ծախսեր ներառելու, 2008 թվականի հունվար, մարտ, ապրիլ, մայիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կազմված և հարկային տեսչություն ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում, առանց ձեռք բերված ապրանքների դիմաց վճարում կատարելու, ԱԱՀ-ի գումարի ապօրինի հաշվանցելու եղանակով, այսինքն՝ 2008-2009թթ. ընթացքում իրականացված տնտեսական գործունեության վերաբերյալ կազմած ու հարկային մարմիններին ներկայացրած հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 16.222.126 ՀՀ դրամի հարկերը ՀՀ պետական բյուջե վճարելուց /շահութահարկ՝ 7.428.726 դրամ, ԱԱՀ՝ 8.793.400 դրամ/:
Փաստաբանը Արմեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ նախաքննության մարմինը և այնուհետև ՀՀ Գլխավոր դատախազությունը, անտեսելով «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2011թ. մայիսի 26-ին, ստորագրվել է 2011թ. հունիսի 16-ին, ուժի մեջ է մտել 2011թ. հուլիսի 4-ին) դրույթները շարունակել են ապօրինի քրեական հետապնդումը Զորիկ Գրիգորյանի, ինչի արդյունքում դատախազը քրեական գործը ուղարկել է դատարան. «Ավելին դատական նիստում դատախազը միջնորդել էր դատարանին 7 տարվա ժամկետով ազատազրկման դատապարտելու Զորիկ Գրիգորյանին՝ պատճառաբանելով, որ Զորիկ Գրիգորյանը դեռևս ունի 14.186.824 ՀՀ դրամի չափով չվճարված տույժեր և տուգանքներ»,- փոխանցեց փաստաբանը:
Դատական նիստում պաշտպան Արմեն Հայրապետյանի կողմից միջնորդություն է ներկայացվել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով Զորիկ Գրիգորյանն ազատվել է տույժերը և տուգանքները վճարելու պարտավորությունից, ինչը Դատարանի կողմից բավարարվել է և Զորիկ Գրիգորյանին ազատել քրեական պատասխանատվությունից:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ Գլխավոր դատախազությունը, սակայն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրողի բողոքը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել է օրինական ուժի մեջ:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալը, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության։
Նշված քրեական գործով նախաքննության փուլում Զորիկ Գրիգորյանը 2013թ. հուլիսի 18-ից մինչև 2014թ. մարտի 3-ը գտնվել է կալանքի տակ: