Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից: Այս մասին ամրագրված է ԱԺ կանոնակարգում:
Ըստ նույն աղբյուրի՝ պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաեւ պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ ժամանակահատվածը: Հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:
Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:
«Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի»,- նշվում է ԱԺ կանոնակարգում:
Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական, դիվանագիտական անձնագիր եւ «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան, որի նկարագրությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:
Տեղեկացնենք նաև, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net