Ովքե՞ր են համարվում բռնադատվածներ և ի՞նչ իրավունքներ ու արտոնություններ ունեն վերջիններս ու նրանց ժառանգները:
Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնադատվածներից շատերն այժմ կենդանի չեն, առավել արդիական են վերջիններիս ժառանգների իրավունքները:
Բացի բռնադատվածներից, օրենքն իրավունքներ և արտոնություններ է նախատեսում նաև բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին:
Մասնավորապես, մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.
Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում անհատական բնակելի տան շինարարություն իրականացնելու կամ անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում՝ Երևան քաղաքում) բռնադատվածներին տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ։
Աղբյուրը` Իրավաբան.net