2015 թվականի հուլիսին փաստաբան Ռուզաննա Ազրոյանը տուգանվել է ք.Երևան, Եղվարդի խճուղում արագությունը գերազանցելու համար, ըստ ՃՈ-ի որոշման՝ նա երթևեկել է 57կմ/ժ, իսկ թույլատրելի արագությունը՝ 40կմ/ժ է:
Ըստ հայցվորի՝ բնակավայրերում մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ բնակավայրերից դուրս՝ 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ: Նա նշել է, որ իր մեքենան հանդիսանում է մարդատար ավտոմեքենա, ուստի մեքենան վարելիս` թույլատրելի արագությունը բնակավայրերում 60կմ/ժ է:
Ըստ հայցի՝ Երևան քաղաքը բնակավայր է, իսկ Եղվարդի խճուղիում չկան «Բնակելի գոտի» կամ «Բնակելի գոտու վերջ» նշաններ, ուստի այնտեղ թույլատրելի արագությունը 60կմ/ժ է:
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Լսելով հայցվորի բացատրությունները, հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները` դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ ՀՀ կառավարության բացառիկ իրավասությունն է հանդիսանում ճանապարհային երթևեկության կանոնների հաստատումը:
Ըստ դատարանի՝ տվյալ դեպքում հայցվորի նկատմամբ վարչական հարկադրանքի սահմանման (տուգանք նշանակելու) հիմքում դրվել է Ծառայության կողմից ընդունված վարչական ակտը, որը տեղադրված է Երևանի Եղվարդի խճուղում, որով սահմանված առավելագույն արագությունը կազմում է 40կմ/ժ: Այսինքն՝ Ծառայության կողմից ընդունված վարչական ակտն ունի այնպիսի բովանդակություն, որից ուղղակիորեն բխում է, որ բնակավայրի տվյալ ճանապարհահատվածում հնարավոր է երթևեկել 40կմ/ժ չգերազանցող արագությամբ: Մինչդեռ, դատական ակտում ամրագրված հիմնավորումները երևան են գալիս փաստագրելու, որ Ծառայությունն իրավասու չէ բնակավայրում տեղադրել 60կմ/ժ արագությունից պակաս առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշան: Սա նշանակում է, որ տվյալ դեպքում 60կմ/ժ արագությունից պակաս առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանը (այլ ձևի վարչական ակտը) ընդունվել է խախտմամբ:
Այսպիսով Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի վճռել է Ռուզաննա Ազրոյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել Երևանի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության վարչական շենքին հարող ճանապարհահատվածում) տեղադրված թիվ 3.24 ճանապարհային նշանը (վարչական ակտը), և որպես հետևանք` վերացնել նշված վարչական ակտի կիրառմամբ Ռուզաննա Ազրոյանի նկատմամբ ընդունված տուգանքը:
Պատրաստեց Գևորգ Թոսունյանը
Իրավաբան.net