Որպես կանոն, անձինք, որոնք հիմքեր ունեն երկյուղելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է անհնարին կամ դժվարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնել այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:
«Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն հանգամանքները, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս խոսքերով` դատարանին ուղղված միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Ապացույցների ապահովման մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:
«Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը»,- նշում է իրավաբանը:
Աղբյուրը`Իրավաբան.net