Արդեն երկու շաբաթ 5-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է իր աշխատանքը: Իսկ Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները եւ հանձնաժողովները: Խորհրդարանը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:
ԱԺ կանոնակագն ասում է, որ Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Տեղեկացնենք, որ Հայաստանում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոշումներ, ուղերձներ եւ հայտարարություններ:
Ինչպես ամրագրված է ԱԺ կանոնակարգում՝ Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման եւ կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:
Հարկ է իմանալ, որ Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net