Ինչպե՞ս վարորդը հաղթեց ՃՈ-ին ու վերացրեց արագաչափի՝ 36 հազար դրամանոց տուգանքը

2015թ. օգոստոսի 11-ին վարորդ Վ.Ա.-ն տուգանվել է արագությունը գերազանցելու համար, ենթադրյալ իրավախախտումն արձանագրվել է Դիլիջանի թունել մտնելիս:

Վարորդը վիճարկել էր տուգանքի որոշումը Վարչական դատարանում: Վ.Ա.-ին ենթադրյալ իրավախախտման օրը գտնվել է աշխատանքի վայրում, այդ փաստն արձանագրող համապատասխան գրություն էլ դատարանում ներկայացվեց, փաստացի վարած անձը՝ Վ.Ա.-ի ամուսինը, դատարանում ցուցմունք տալով, նշել է, որ ինքն է այդ օրը մեքենան վարել, սակայն իր համար ընդունելի չէ արագությունը գերազանցելու հանգամանքը, քանի որ ինքը մինչ այդ իմացել է, որ նշյալ հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ և երթևեկելիս ցուցաբերել է զգուշավորություն:

Հայցվոր կողմից մատնանշվել է այն, որ մինչև հունվարի 11-ը իրականացված նոր փոփոխություններով խախտումն արձանագրելիս մեքենայի ապակին մգացնելու իրավակարգավորում չի եղել, սակայն պաշտոնատար անձը մգացրել է. «Ելնելով այդ կանխավարկածից, որ պաշտոնատար անձը մգացվում է այդ հատվածը, ենթադրվում է, որ համենայն դեպս, նրա համար մեքենան վարած անձի ու սեփականատիրոջ սեռերի տարբերությունը պետք է ակնհայտ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց հայցվորի ներկայացուց, փաստաբան Լուսինե Մկրտչյանը:

Վարչական դատարանը դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ վճռեց բավարարել հայցապահանջը. «Դատարանը երկու կարևորագույն սկզբունքներին անդրադարձավ, ըստ որի՝ հանցակազմի սուբյեկտիվ կողմը, որը պարտադիր տարր է, բացակայում է: Իրավական դիրքորոշումներում հենց դա էլ դրել էր՝ անհատական պատասխանատվության և ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը: Այսինքն՝ եթե առկա չէ մեղք, ուստի անձը չի կարող պատասխանատվություն կրել»,- նշեց փաստաբանը:

Այն հարցին, թե արդյոք վարչական մարմինը իրավունք ունի նոր որոշում կայացնել՝ տուգանելով մեքենան փաստացի վարած անձին, Լուսինե Մկրտչյանն ասաց. «Սա արդեն մեծ հարցականի տակ է դրվելու, գոյություն ունի վաղեմության ժամկետ, ըստ ժամկետի՝ նախատեսվում է, որ պատասխանատվությունը կարող է վրա հասնել, իրավախախտման կատարման օրվանից երկամսյա ժամկետում, այն սպառվել է: Այդուհանդերձ, միգուցե վարչական մարմինը նոր որոշում կայացնի, կամ առհասարակ որոշում չկայացնի, բողոքարկի վճիռը, սա դեռ պարզ չէ»,- ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել