Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը: Խորհրդակցության ընթացքում Նախագահը անդրադարձել է Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու խնդրին՝ նշելով հետևյալը.
«Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի և արդարության վիժեցում: Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում:
Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը: Դա շատ կարևոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ:
Հանցագործին ներում շնորհումը, իսկ ըստ էության՝ արդարացումը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր հիմնարար սկզբունքներին և նպատակներին: Դա մենք չենք ասում, այլ այդ կազմակերպության անխտիր բոլոր ղեկավարները:
Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս: Զգալով միջազգային ճնշումը՝ այդ երկրի ղեկավարն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը՝ հրապարակային սուտը: Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ ևս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի՛ շնորհվել:
Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս: Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Շքերթ է, ստերի շքերթ: Սեփական ժողովրդին տեղեկատվական տևական բլոկադայի մեջ պահող հարևան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի: Ժամանակը ցույց կտա դա հնարավոր է, թե ոչ: Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում:
Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված և հեռահար աշխատանք: Հաջորդը: Դիվանագետների աշխատանքների ծրագիրը մեզ արդեն պարզ է և ընթացքի մեջ է: Միևնույն ժամանակ, կարծում եմ նաև, որ կառավարությունը, արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, պետք է մշակի ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի մեր բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաև աջակցել այս գործընթացին:
Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ և չենք հապաղելու: Ստորությունը և սուտը չեն անցնելու»:
Աղբյուրը՝ Իրավաբան.net