Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից`
ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.
բ) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
գ) կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.
դ) արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ:
2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից`
ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը.
բ) արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով.
գ) կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:
Նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության գործի ավարտից հետո պարտապանի ֆինանսապես առողջացման դեպքում: Հակառակ դեպքում դատարանի սնանկության գործն ավարտելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է քաղաքացիական գործի վարույթի կարճման համար` լուծարված պարտապանի մասով.
դ) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.
ե) կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները:
Աղբյուրը` Իրավաբան.net