Բաժնետիրական ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել հասարակ (սովորական) կամ արտոնյալ: Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության աշխատակիցների միջև` այդ նպատակի համար աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին` Ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից:
Աշխատակցի բաժնետոմսերի մասը չպետք է գերազանցի կանոնադրական հիմնադրամի քսանհինգ տոկոսը:
Աշխատակցի բաժնետոմսը Ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով վաճառված անվանական բաժնետոմս է: Աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:
Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջև վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել, բայց ոչ պակաս քսանհինգ տոկոսից:
Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի կենսաթոշակի անցնելու դեպքերից, Ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս:
Աշխատակցի բաժնետոմսերի մահացած տիրոջ ժառանգորդները, եթե կանոնադրությամբ սահմանվել է վերոնշյալ սահմանափակումը, իրավունք ունեն Ընկերությունից պահանջել դրանց հետգնումը շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջել դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից:
Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ, երբ բաժնետոմսերի շրջանառությունը սահմանափակվել է կանոնադրությամբ, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող հասարակ (սովորական) կամ տարբեր դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար:
Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության հասարակ (սովորական) և համապատասխան դասի արտոնյալ արժեթղթի անվանական արժեքից:
Աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման, դրանց դիմաց վճարման և աշխատակիցների արտոնությունների սահմանման կարգի մասին որոշումը կայացնում է ժողովը:
Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:
Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը:
Աղբյուրը` Իրավաբան.net