Բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև, համարվում է փակ բաժնետիրական ընկերություն: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք:
Փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը, հակառակ դեպքում, այն մեկ տարվա ընթացքում ենթակա է վերակազմավորման բաց բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո` դատական կարգով լուծարման, եթե մասնակիցների թիվը չնվազի մինչև օրենքով սահմանված քանակը:
Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:
Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը:
Աղբյուրը` Իրավաբան.net