Որպես պատժի տեսակ` ՀՀ քրական օրենսգիրքը նախատեսել է տուգանք` ինչպես հիմնական, այնպես էլ որպես լրացուցիչ պատիժ:
Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով:
Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:
Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:
Եթե դատապարտյալը չի կարող անհապաղ և ամբողջությամբ վճարել տուգանքի գումարը, ապա կարող է միջնորդություն ներկայացնել դատարան` գումարը տարաժամկետ վճարելու մասին:
Դատարանը դատապարտյալի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում:
Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում, և պատժի չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով:
Աղբյուրը` Իրավաբան.net