Սիրու՞մ եք ճանապարհորդել գնացքով, ուրեմն այս հոդվածը Ձեզ համար է:
Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի ապրանքներ կարելի է տեղափոխել գնացքով:
Յուրաքանչյուր ուղևոր կարող է գնացքի ուղևորային մաս (ուղևորի խցիկ) ներս բերել բնաիրային չափերը (50 կգ) չգերազանցող ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը ՀՀ Մաքսային օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:
Բացի վերը նշվածից, ուղևորն իրավունք ունի գնացք ներս բերել`
երեխայի սայլակ (1 երեխային՝ 1 հատ),
հաշմանդամի սայլակ (1 հաշմանդամին՝ 1 հատ),
ճանապարհին սպառման համար նախատեսված ապրանքներ՝ յուրաքանչյուր ուղևորի համար՝ 3 կիլոգրամից ոչ ավելի:
Այն ապրանքները, որոնք չեն կարող տեղակայվել գնացքի ուղևորային մասում, ուղևորի կողմից պետք է հանձնվեն գնացքի բեռնային վագոն, իսկ բեռնային վագոնի բացակայության դեպքում ուղևորը կարող է ուղևորային մաս ներս բերել երկաթուղային տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չափի ուղեբեռ:
Բեռնային վագոնում ապրանքներ տեղակայելիս գնացքի անձնակազմի պատասխանատու անձը պետք է լրացնի բեռնային վագոնում ապրանքների ընդունման անդորրագիր:
Անդորրագիրը բաղկացած է հիմնական թերթիկից և անդորրագրի կտրոնից, ունի հերթական համար և խիստ հաշվառման փաստաթուղթ է:
«Ապրանքները բեռնային վագոնում պահպանվում են փոխադրող կազմակերպության պատասխանատվության ներքո»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` բեռնային վագոն հանձնված ապրանքները խմբավորվում են ըստ ուղևորների գնացքից իջնելու վայրերի և, սկսած բեռնային վագոնի մուտքին մոտ բեռների տեղակայման համար ամենահարմար վայրից, դասավորվում են ըստ գնացքի դրանց դուրսբերման հաջորդականության՝ մինչև բեռնային վագոնի վերջը:
Բեռնային վագոնում պետք է լինի առնվազն 5 քառ. մետր մակերեսով ազատ տարածք՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքային գործիքների, սարքավորումների (կշեռք, սեղան, կապի միջոցներ և այլն) տեղակայման և ապրանքների զննման համար:
«Բեռնային վագոնի տարածքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահից համարվում է մաքսային հսկողության գոտի՝ մինչև դրանում տեղակայված բոլոր ապրանքների մաքսային ձևակերպումների ավարտը կամ մինչև այդ ապրանքների դուրսբերումը գնացքից»,-նշում է իրավաբանը:
Գնացքի ուղևորային մասի նկատմամբ մաքսային հսկողության ավարտից հետո բեռնային վագոնից մաքսային հսկողության ներքո դուրս են բերվում երկաթգծի «Այրում» կայարանում գնացքից դուրսբերման ենթակա ապրանքները, որոնց նկատմամբ հետագա մաքսային հսկողությունն ու մաքսային ձևակերպումներն իրականացնում է Այրում – Ջիլիզայի մաքսային կետը:
Վերը նշված կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net