Բաժնետիրական ընկերություն է առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:
Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Ընկերությունը կարող է ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
Ընկերությունն ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Այն ստեղծվում է առանց ժամկետի սահմանափակման, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում:
Ընկերությունը կարող է ունենալ իր ֆիրմային անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ և օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ:
Աղբյուրը` Իրավաբան.net