Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև` «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև 49-ը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը, ընդհանուր տեղեկություններից բացի, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կանոնադրական կապիտալի չափի, մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net