ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա պատանուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
2016թ. մարտի 8-ին` ժամը 23:20-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1998 թ. օգոստոս ամսին ծնված մի պատանի:
Դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պատանուն մարմնական վնասվածքը պատճառվել է Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի «Թթու ջուր» կոչվող վայրում՝ մարտի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, 24 տարեկան։ Վերջինս կամավոր ներկայացել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Ա.Միրզոյանը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաթունաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: