Երկրները միմյանցից բաժանված են սահմանային շերտով, ուստի հատկապես այդ հատվածում է, որ առավել մեծ պետք է լինի հսկողությունը:
Սա խնդիր է, որ մեզ համար արդիական է` կապված տարածաշրջանում առկա լարված իրադրության հետ:
Հիմնականում այդ նպատակով է, որ սահմանային շերտում պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
«Սահմանային շերտում տնտեսական գործունեությունն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին: Գիշերային ժամերին, ինչպես նաև մութ ժամանակ սահմանային շերտում տնտեսական գործունեությունն արգելվում է, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, սահմանապահ ջոկատի պետի թույլտվությամբ` սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ», – Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Համաճարակի կամ համաճարակի բռնկման վտանգի դեպքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով սահմանային շերտում կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել անասնապահությունը:
Սահմանային շերտում հողերի, ջրային ռեսուրսների, անտառների, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի օգտագործումը, երկրաբանական հետազոտությունները, լեռնային գործը, հիդրոկառույցների շինարարությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net