Հեռուստատեսությամբ կամ ուղղակի ծանոթներից երբեմն տեղեկանում ենք բանակում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնց մեջ զգալի թիվ են կազմում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից:
Նշված երևույթը թերևս ամենաբացասականն ու ապակառուցողականն է, քանզի ոտնահարելով զինվորի արժանապատվությունը` ոտնահարում ենք հայկական բանակի ու Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը, չէ՞ որ հայ զինվորը իր ծառայությունը կատարում է հանուն Հայաստանի Հանրապետության:
«Նշված հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիան, կարծում եմ, մեղմ ասած թեթև է»,-Իրավաբան.net –ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` ՀՀ քրեական օրենսգիրքի 360 հոդվածը սահմանում է հետևյալը`« Զինծառայողին վիրավորանք հասցնելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Ինչպես տեսնում ենք, նշված հանցագործության համար պատժի առավելագույն չափը մեկ տարի ժամկետով ազատազրկումն է:
Աղբյուրը` Իրավաբան.net