ՀՀ ԱԺ փոխնախագահ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել խմբի լիտվական կողմից համանախագահ Ալգիս Կաշետայի հետ` բարձր գնահատելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների` միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը:
Հայտարարությունը ստորագրած պատգամավորները, այդ թվում` Ալգիս Կաշետան, Կեստուտիս Մասյուլիսը, Դալյա Կուոդիտեն, Դանգուտե Միկուտյենեն, Պյետրաս Լուոմանասը, իրենց խորին մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, որին 2006 թ. ապրիլին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը ցմահ բանտարկության էր դատապարտել Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:
Սեյմի անդամների խումբը համոզմունք է հայտնել, որ Ռ.Սաֆարովին ներում շնորհելը կարող է հանգեցնել նման հանցագործությունների կրկնության, այն հակասում է միջազգային չափանիշներին եւ կարող է խափանել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույցում նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում բարձր են գնահատում լիտվացի գործընկերների համարժեք արձագանքը, որով նրանք միանում են այն ժողովրդավարական ու համամարդկային արժեքներին հավատարիմ միջազգային հանրությանը, որն իր դատապարտող խոսքը հնչեցրեց ադբեջանական իշխանությունների հակաիրավական գործողությունների առնչությամբ՝ տեղեկացնում է Ազգային Ժողովի պաշտոնական կայքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net