Վարչապետը ստորագրել է էլեկտրաէներգետիկակակն համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի մասին որոշումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 18-ին ստորագրել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի մասին կառավարության արձանագրային որոշումը: 6-40 որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական կենսունակությունն ապահովելու և կառավարումը բարելավելու նպատակով՝

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրին՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) իրականացնելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ պետական ընկերություններ) 100 տոկոս պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները՝ երկամսյա ժամկետում ապահովել նշված ընկերությունների կառավարման մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունումը, համաձայն որոնց այդ ընկերություններին կարգելվի կատարել ծախսեր, վերցնել և տրամադրել փոխառություններ, որոնք կապված չեն նրանց հիմնական գործունեության հետ.

2) մինչև 2016 թվականի օգոստոս ամիսը ապահովել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշմամբ սահմանված՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից գործող սակագների հաշվարկի հիմքում դրված էլեկտրական էներգիայի հաշվեկշռի պահպանումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց կուտակված պարտքերի ստացումը.

3) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պետական ընկերությունների բարձր տոկոսադրույքով (9%-11,5%) առևտրային վարկերը ցածրատոկոս և երկարաժամկետ միջոցներով վերակառուցելու համար.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված խնդրի լուծման նպատակով բանակցել դոնոր կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով, որ ներգրավվող վարկային միջոցները չպետք է գերազանցեն 30 մլն ԱՄՆ-ի դոլարը և դրանց վերադարձը պետք է լինի 25-30 տարվա ընթացքում.

5) դոնոր կազմակերպության համաձայնությունն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում ներկայացնել էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման մանրամասն ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կենսունակությունը պահպանելու և հետագայում ընկերություններում նոր պարտավորություններ չառաջացնելու նպատակով առաջարկել հանձնաժողովին, ղեկավարվելով ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ, սակագների վերանայման յուրաքանչյուր նոր ժամանակահատվածում (հաշվարկային տարում)՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժայի հաշվարկներում արտացոլել նախորդ սակագնային ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային և փաստացի սակագնային մարժաների միջև տարբերության հետևանքով ձևավորված վնասի (օգուտի) 100 տոկոսը՝ գումարած տոկոսային ծախսը (եկամուտը).
2) խոշոր ջերմային էլեկտրակայանների սակագների հաշվարկներում արտացոլել սակագնի նախորդ ժամանակահատվածում՝ արտարժույթի փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ գնված բնական գազի կանխատեսվող և փաստացի արժեքի միջև տարբերության հետևանքով կրած վնասը (օգուտը):

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ մշակել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման ծրագիրը և ապահովել բաժնետիրոջ կողմից համապատասխան որոշման ընդունումը»:

Որոշման հավելվածն այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել