Գրեթե բոլոր երկրներում ժամանակ առ ժամանակ անցկացվում է մարդահամար, որի հիմնական խնդիրն է պետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական և սոցիալական հետազոտությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման և օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի և կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաև ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը:
Հայաստանի Հանրապետությունում մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:
Մարդահամարն անցկացնելու մասին որոշումը, որտեղ սահմանվում է մարդահամարի անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ոչ ուշ, քան մարդահամարն սկսելուց երկու տարի առաջ:
Մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net