Ներկայումս նոտարի մոտ առավել հաճախ քաղաքացիներն այցելում են պայմանագրեր կնքելու, փաստաթղթեր վավերացնելու կամ ժառանգության հետ կապված հարցերով: Անհրաժեշտ է նշել, որ նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություններից է նաև այն, որ նոտարը դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր:
«Գոյություն ունի պարտականություն և այն պետք է անպայման կատարել: Օրինակ՝ առուվաճառքի պայմանգրով գնորդը պետք է վճարի գումար, և հանկարծ վաճառողը անհետանում է՝ մահանում է կամ ճանաչվում է անգործունակ: Մինչդեռ, եթե գնորդը ժամանակին չվճարի հնարավոր է՝ պայմանագրի համաձայն, (օրիանակ տարաժամկետ վճարելու դեպքում) ստիպված լինի ապրանքի գնին համապատասխանող գումարի տոկոսներ վճարել: Հարց է առաջանում՝ ու ՞մ վճարել: Այս դեպքում քաղաքացին կարող է գնալ նոտարի մոտ, որպեսզի նոտարը գումարը դեպոզիտ ընդունի»,- այս մասին Իրավաբան.net–ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` օրենքով նախատեսված դեպքերում նոտարը պարտավորությունների կատարման նպատակով պարտապաններից, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում դեպոզիտ է ընդունում դրամական գումարներ` Հայաստանի Հանրապետության դրամ կամ օտարերկրյա արժույթ, կամ արժեթղթեր` դրանք պարտատիրոջը հանձնելու նպատակով: Պարտապաններից պարտավորությունների կատարման համար դրամական գումարներ կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելիս նոտարը պահանջում է, որպեսզի դեպոզիտ հանձնող անձը (պարտապանը) իր դիմումում, բացի իր անունից (անվանումից) ու բնակության վայրից (գտնվելու վայրից), հստակ նշի նաև դեպոզիտ ստանալու լիազորություն ունեցող անձին և դրամը կամ արժեթղթերը որպես դեպոզիտ պահպանելու ժամկետները: Դրամը կամ արժեթղթերը դեպոզիտ հանձնած անձն իր դիմումով կարող է փոփոխություն կամ լրացում կատարել դեպոզիտի պայմանների մեջ: Դեպոզիտ հանձնած անձի դիմումով դեպոզիտը կարող է դադարել:
Աղբյուրը` Իրավաբան.net