ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ իր հեղինակած նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին: Թեեւ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, եւ, հատուկ կարգի համաձայն, պետք է քննարկվի երկրորդ ընթերցման ընթացակարգով, մի շարք նոր հոդվածներ հիմնական զեկուցողն առաջարկեց ընդունել նախ առաջին ընթերցմամբ: Նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, ինչով պայմանավորված էլ ավելացվել են նոր դրույթներ: Լրամշակված տարբերակում հնարավոր է դարձել պատգամավորի բացակայությունը հանձնաժողովի նիստում հարգելի համարել, եթե նա մասնակցում է մեկ այլ նիստի կամ խորհրդարանական լսումների: Համապատասխան հիմքերի դեպքում բացակայությունը, ըստ նախագծի, հարգելի է ճանաչում ԱԺ նախագահը:
Ավանդաբար ուրբաթ օրն անցկացվող մշտական հանձնաժողովների նիստերը օրենքի ընդունման դեպքում կտեղաբախշվեն շաբաթվա բոլոր օրերի վրա: Խորհրդարանը որոշմամբ կհաստատի հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույցը` դրանով իսկ փոքր խմբակցությունների պատգամավորներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու երեք հանձնաժողովների նիստերին: Այս պարագայում, հիմնական զեկուցողի ներկայացմամբ, վերանում է քվորում ապահովելու մտավախությունը, յուրաքանչյուր պատգամավոր հավասար հիմունքներով կհաշվառվի տարբեր օրերին եւ ժամերին հրավիրված հանձնաժողովների նիստերում: Նոր տարբերակում վերացվել է նաեւ ուրբաթ օրը լսումներ չհրավիրելու սահմանափակումը: Նաեւ նախատեսվել է պատգամավորների բացակայությունները հրապարակել ոչ թե նստաշրջանի ավարտից հետո 30-օրյա ժամկետում, այլ յուրաքանչյուր ամիսն ավարտվելուց հետո 10-օրյա ժամկետում: Նախագիծը երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացնելով` Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ երեք մշտական հանձնաժողովներին անդամակցելու հնարավորություն են տվել նաեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված անկախ պատգամավորներին:
Աղբյուրը` Իրավաբան.net