Սովորական հարբածությունն անհրաժեշտ է տարբերել պաթոլոգիկ հարբածությունից: Այն դեպքում, երբ սովորական հարբածության ժամանակ անձը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, ապա պաթոլոգիկ հարբածության դեպքում անձը ճանաչվում է անմեղսունակ և նրա նկատմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ: Ուստի անհրաժեշտ է տարբերել սովորական և պաթոլոգիկ հարբածությունը: Պաթոլոգիկ հարբածությունը պայմանավորված չէ հարբածության ծանրության աստիճանով: Այն հիվանդագին վիճակ է, որն առաջանում է հաճախ ալկոհոլ օգտագործելուց:
Հարբածության այս տեսակը հոգեբանության մեջ համարվում է հոգեկան խանգարումների ինքնուրույն տարատեսակ՝ հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում: Հաճախ այն անվանում են «սպիտակ տենդ», «ալկոհոլային հալյուցինացիա»:
Պաթոլոգիկ հարբածության վիճակում անձը չի գիտակցում իր գործողությունները, մինչդեռ սովորական հարբածության վիճակում, ճիշտ է, առաջանում են որոշակի հոգեկան փոփոխություններ, սակայն դրանք չեն կրում զգայախաբության և զառանցանքի բնույթ և, որպես կանոն, չեն առաջացնում սեփական արարքները գիտակցելու և ղեկավարելու ընդունակության կորուստ:
Աղբյուրը`Իրավաբան.net