Հաստատվել է Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագիրը

Երևանի ավագանու սեպտեմբերի 11-ին գումարված 8-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ավագանու անդամներին Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների փայլուն հաղթանակի կապակցությամբ:
Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին հաստատել է հետևյալ նախագծերը` Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին նախագիծը:
Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխությունները՝ հողի սեփականության և օգտագործման ձևի, նպատակային նշանակության, հողերի իրացման, բարելավման, այդ թվում կանաչ տարածքների ավելացման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման, քանդման և այլ փոփոխությունները:
Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի վերակառուցում, որը ծառայելու է ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից տարածքի բնակչությանը, նաև նախատեսված է սեմինարների անցկացում, տեխնիկական այցեր, փորձի փոխանակում: Համաձայնագրով նախատեսված վարչական և ֆինանսական համակարգումը կիրականացվի միջազգային եվրոպական դեպարտամենտի կողմից:։
<<Այս տարի Մարսել կատարած այցի շրջանակում մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ Մարսելի քաղաքապետի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրականացվող այս նախագիծը համոզված եմ կկրի շարունակական բնույթ և կնպաստի երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է համագործակցության շրջանակում նոր գաղափարներ կյանքի կոչել>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բացի այդ, Երևանի ավագանու որոշմամբ Երևան քաղաքում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին տոնավաճառները կկազմակերպվեն հաստատված կարգով: Ներկայացված նախագիծը պայմանավորված է Երևան քաղաքում տոնավաճառների (վերնիսաժներ) կազմակերպման պայմանների սահմանման անհրաժեշտությամբ: Կազմակերպիչների կողմից կապահովվեն մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարամարությունները: Միաժամանակ գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը նաև նպատակ ունի Երևանի բնակչությանն ապահովել գյուղատնտեսական մթերքներով` խթանելով մրցակցությունը գյուղատնտեսական մթերքների առևտրի ոլորտում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել