Հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ կարգապահական գումարտակում պահելը երեք ամսից երեք տարի ժամկետով կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար գտնի առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:
Դատապարտյալը, անկախ զինվորական կոչումից և նախկինում զբաղեցրած պաշտոնից, պատիժը կրելու ընթացքում գտնվում է շարքային կազմի զինծառայողի կարգավիճակում, կրում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված նմուշի՝ առանց տարբերանշանների համազգեստ:
Դատապարտյալը կարող է ներգրավվել չվարձատրվող հասարակական աշխատանքների, բայց օրվա ընթացքում երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաև կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ և իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան` առգրավվում և պահվում են մինչև պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները և իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը, որոնք դատապարտյալին թույլատրվում է ունենալ, ձեռք բերել անկանխիկ հաշվարկով կամ ստանալ ծանրոցներով, հանձնուքներով և փաթեթներով, սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու նպատակով դատապարտյալն իրավունք ունի իր անձնական հաշվից ծախսելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով գումար:
Աղբյուրը`Իրավաբան.net