Պրակտիկայում որոշակի իրավահարաբերությունների մեջ մտնելիս քաղաքացիները երբեմն դժվարանում են կողմնորոշվել, թե ինչ բնույթի պայմանագիր պետք է կնքել: Այդ պատճառով հաճախ կարող են իրավական բնույթի խնդիրներ առաջանալ:
«Օրինակ` իրավաբանական ծառայություններ մատուցելու դեպքում իրավական տեսանկյունից առավել ճիշտ կլինի կնքել ոչ թե ծառայությունների մատուցման (ինչպես հաճախ է պատահում), այլ հանձնարարության պայմանագիր, քանի որ օրենքը ուղղակիորեն նախատեսում է դա»,-այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի` հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուu կողմի (հանձնարարողի) անունից եւ նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ: Հանձնակատարի կատարած գործարքից իրավունքները եւ պարտականություններն անմիջականորեն ծագում են հանձնարարողի համար:
Հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:
Հանձնարարության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Աղբյուրը` Իրավաբան.net