Պրոբացիայի մասին նախագծերը դրվել են հանրային քննարկման

«Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը դրվել են հանրային քննարկման: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության կայքէջից:

«Պրոբացիայի մասին» օրենքը սահմանում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարման և խորհրդատվական զեկույցի ներկայացման կարգը:

Իսկ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքը կարգավորում է պրոբացիայի գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` պրոբացիայի ծառայություն) ծառայության նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, կառուցվածքը, գործառույթները, ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, պրոբացիայի ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Այս ծառայության շահառուների նկատմամբ նախատեսվում է կիրառել էլեկտրոնային հսկողություն, համաձայն փաթեթի՝ Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումները ամրացվում են պրոբացիայի ծառայության շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում։ Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատարանի որոշմամբ պետական բյուջեի կամ պրոբացիայի ծառայության շահառուի միջոցների հաշվին:

Պրոբացիայի կարևորագույն նպատակներից մեկի՝ վերասոցիալականացման վերաբերյալ առկա է հետևյալ ամրագրումը. «Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը պետք է պրոբացիայի ծառայության յուրաքանչյուր շահառուի համար մշակի նրա ուղղման, վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը և նրա սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը»:

Ինչ վերաբերում է մյուս նպատակներին, ապա փաթեթով ամրագրվել է հետևյալը.

Պրոբացիայի ծառայության նպատակներն են.

կրկնահանցագործության կրճատումը պրոբացիայի ծառայության շահառուին վերահսկելու, վերասոցիալականացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու, ուղղորդելու ու աջակցելու միջոցով.

հանցանք կատարած անձի` հասարակությունում ուղղմանը նպաստելը.

սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելը.

հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցանք կատարած անձանց ուղղման և նրանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու միջոցով.

Պրոբացիայի ծառայության խնդիրներն են.

1) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կատարելը.

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ներկայացման գործընթացներում առավել տեղեկացված և անաչառ որոշումների կայացմանը նպաստելը.

3) քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը նպաստելը.

4) հանցանք կատարած անձի վերասոցիալականացման գործընթացի իրականացումը:

Ըստ փաթեթի՝ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հնարավոր է կիրառել տնային կալանք և վարչական հսկողության այլ եղանակներ, դատարանի որոշմամբ նրան թույլ չի տրվի այցելել որոշակի վայրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել