Մաշտոցի պողոտայում՝ Ձկան խանութի դիմացի երթևեկելի հատվածում առկա է կանգառն արգելող նշան: Չնայած այս հանգամանքին, նշյալ հատվածում կա նաև կարմիր գծանշում, ինչը շատ վարորդների շփոթության մեջ է գցում:
Նախ շեշտենք, որ նման դեպքերում վարորդները պետք է առաջնորդվեն կանգառն արգելվող նշանով: Կառավարության N 955-Ն որոշման մեջ ասվում է, որ եթե ժամանակավոր (տվյալ դեպքում՝ կանգառն արգելող նշանի) և մշտական գծանշումների (տվյալ դեպքում՝ կարմիր գծերի) պահանջներն իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:
Բացի այդ, առկա է մեկ այլ խնդիր, տարբեր ժամանակահատվածներում փողոցի այս հատվածում կարմիր գծանշաններ լինում են, ապա ջնջվում: Այս փոփոխություններն այնքան հաճախ են տեղի ունենում, որ վարորդները չեն էլ հասցնում կողմնորոշվել՝ ինչպես վարվել այստեղ:
Այնպես որ, ինչպես տեսնում եք լուսանկարներում՝ չնայած արգելքին վարորդները շարունակել են կանգառ կատարել այստեղ: Սա, բնականաբար, վարչական մարմինների բաց թողուման և անփույթ աշխատանքի արդյունք է: