ՃՈ տեսուչի և վարորդի վիճաբանության գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել: Այս մասին հաղորդում են  ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նույն դեպքի վերաբերյալ հիշյալ ավտոմեքենայի վարորդ Մենտոր Ա.-ն հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է կիրառել իր նկատմամբ:

Քաղաքացի Մենտոր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել