Հանրապետությունում գրանցվել է H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք. Արմեն Մուրադյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հանրապետությունում համաճարակաբանական վիճակը: Նախարարը զեկուցել է, որ առողջապահական համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով և առաջիկա օրերին նույնպես շարունակելու է գործել այդպես:

Տեղեկացվել է, որ նշված օրերին գրանցվել է 350-ից ավելի սուր շնչառական հիվանդության դեպք, որոնցից 67-ը՝ թոքաբորբով, իսկ օրական արձանագրվել է 800-ից ավելի շտապօգնության կանչ: Միաժամանակ, զեկուցվել է, որ հանրապետությունում գրանցվել է H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք. բոլոր հիվանդները գտնվում են ուժեղացված հսկողության ներքո: Տվյալ վիրուսը կանխարգելելու նպատակով պատվաստվել են հանրապետության բոլոր խոցելի խմբերը:

Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում վերջին օրերի ընթացքում սուր շնչառական խնդիրներով հոսպիտալացվել է 24 հղի կին, որոնցից 5-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Նրանցից 2-ը ներկայում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը ևս աստիճանաբար բարելավվում է: Ցավոք, գրանցվել է թոքաբորբով հիվանդ մեկ հղի կնոջ մահվան դեպք, ինչը, նախարարի զեկուցմամբ, պայմանավորված է եղել հիվանդության կտրուկ սրմամբ և բժիշկներին ուշ դիմելու հանգամանքով: Դեպքի առնչությամբ պատրաստվում են քննչական նյութեր: Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հիվանդների վիճակն ուժեղացված կերպով վերահսկվում է:

Նախարարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակաբանական վիճակը միանգամայն վերահսկելի է և կառավարելի, բոլոր բուժհիմնարկները համալրված են անհրաժեշտ դեղորայքով: Նախարար Մուրադյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման աշխատանքային խումբ, որն օրական երկու անգամ խորհրդակցություն է անցկացնում և քննարկում իրավիճակը՝ բոլոր խնդիրներին շուտափույթ արձագանքելու նպատակով:
Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև զորամասերում առկա իրավիճակով, մասնավորապես, զինծառայողների առողջությամբ: Զեկուցվել է, որ զորամասերում հիվանդություններրի հետ կապված որևէ ծանր դեպք չի գրանցվել, արձանագրվել է թոքաբորբի 9 դեպք: Բոլոր հիվանդները գտնվում են անհրաժեշտ հսկողության ներքո:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարար Մուրադյանին հետևողականորեն շարունակել աշխատանքը և շրջայցերը բժշկական հաստատություններ, իրավիճակը պահել իր անմիջական ուշադրության կենտրոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել