Իրավաբան.net-ի տոնական, ամփոփիչ հարցերին պատասխանում է փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով հայտնի է քրեական գործերով իր բազամթիվ հաղթանակներով:
-Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան:
-2015 թվականին իրավական ոլորտում գլոբալ առումով առանձնահատուկ, տեսանելի գրեթե ոչինչ չի փոխվել: Կառանձնացնեմ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, սակայն թե որքանով դա կարելի է դրական կամ բացասական գնահատել, առաջիկա տարիներին պարզ կդառնա:
-Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:
-Այն, որ դեռևս չունենք գործնականում լիարժեք անկախ դատական համակարգ, դա ինքնին հարված է արդարադատության ամբողջ շղթային:
-Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ քրեական գործը:
-Ինձ համար իմ մասնակցությամբ յուրաքանչյուր գործ ազդեցիկ է: Սակայն կա մեկ գործ, որ երբեք չի մոռացվի: Այն, որ 73-ամյա պատկառելի ու վաստակաշատ Գոհար Ենոքյանին կարող էին ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալել, դա երևակայությունից դուրս էր: Եվ պատկերացրեք այդ իրավիճակը, երբ բոլորն են հասկանում, որ ապօրինություն են գործում, սակայն անհասկանալի դրդապատճառներով գնում են այդ քայլին: Սակայն, փառք Աստծո, մեր համառ և անկոտրում պայքարը տվեց իր դրական արդյունքը և ոչ միայն Գոհար Ենոքյանն ազատ արձակվեց, այլև նրան առաջադրված առանձնապես ծանր մեղադրանքը վերացվեց, քրեական հետապնդումը դադարեցվեց, ապա նաև քրեական գործն ամբողջությամբ կարճվեց:
-Դուք հայտնի եք որպես ամենաշատ հաղթանակներ ունեցող փաստաբան: Այս տարի քանի՞ քրեական գործ եք հաղթել: Եվ ո՞րն է այդ հաղթանակաների գաղտնիքը:
-Շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար: Այս տարի, ընդհանուր առմամբ, մոտ 20 քրեական գործով հասել ենք լիարժեք հաղթանակի: Այսինքն, կամ կայացվել է արդարացման դատավճիռ, կամ արդարացնող հիմքով քրեական հետապնդումները դադարեցվել են: Անկեղծ ասած, այս տարի դրական արդյունքները գերակշռում էր հենց նախաքննության փուլում: Այսինքն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հիմնականում քրեական հետապնդումը դադարեցվել է հենց նախաքննության ընթացքում և գերակշռող մասով արդարացնող հիմքով:
Ինչ վերաբերվում է գաղտնիքին, ապա չկա մի կոնկրետ կանոն: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ճիշտ ընտրի իր մասնագիտությունը և նվիրվի դրան: Այդ դեպքում գրեթե անհնար է, որ հաջողություն չլինի: Ես սիրում եմ իմ աշխատանքը և մեծ նվիրումով եմ այն կատարում, հատկապես, երբ հասկանում եմ, որ դիմացիս մարդը արժանի է դրան: Իսկ ավելի կոնկրետ, եթե վերցնենք զուտ մասնագիտական տեսանկյունից, հաջողության հիմնական գրավականը ճիշտ դատավարական նպատակ դնելն է, և ճիշտ մարտավարություն ընտրելը: Չպետք է հնարավորությունից վեր նպատակ դնել: Իսկ հնարավորությունը գնահատվում է գործի փաստերով ու հանգամանքներով:
-Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:
-Ինձ համար այդ իրավաբանը փաստաբան Աղավնի Մադոյանն է, ով, արդեն երկու տարի շարունակ աշխատելով իմ ղեկավարած փաստաբանական գրասենյակում, գրեթե ամեն օր աչքի է ընկնում իր ազնվությամբ և մասնագիտական գիտելիքներով ու մարդկային բարձր որակներով, որի վկայությունն է քաղաքացիական և վարչական ոլորտում տարած նրա բազմաթիվ հաղթանակները, ինչպես նաև իր վստահորդների շնորհակալական նամակները ուղղված մեր գրասենյակին:
-Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ինչու՞:
-Այդպիսի փաստաթուղթ գրեթե կայացվում է ամեն օր: Դատարանների կողմից կայացվող կալանավորման որոշումների գերակշռող մեծամասնությունը կարելի է որակել աբսուրդային, քանի որ կալանավորման հիմքերի ակնհայտ բացակայությամբ, զարմանալիորեն բավարարվում են նախաքննական մարմնի միջնորդությունները, և սա տարիներ շարունակ հանդիսանում է դատական համակարգի մեծագույն թերացումը:
-Ձեր բալիկներն ի՞նչ են խնդրել Ձմեռ Պապիկից:
-Երեք բալիկ ունեմ, ու այս տարի Ձմեռ Պապիկին ուղղված նամակում բավականին համեստ են գտնվել: Փոքրերս բարդ հավաքվող Lego կոնստրուկտոր են խնդրել: Իսկ մեծ դուստրս՝ հեքիաթի գիրք և կիթառ:
-Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:
-Բարձր տրամադրությամբ, հույսով ու հավատով:
-2016-ից ձեր ակնակալքիներն ու մաղթանքը:
-Ակնկալիքներս շատ են, առաջին հերթին բոլորիս առողջություն թող լինի, մեր սահմաններում խաղաղություն լինի և Աստծո օրհնությունը թող լինի մեր բոլոր գործերում: