Քրեական դատավարությունում դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:
Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`
1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները.
2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.
3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.
4) օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.
5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.
6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.
7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.
8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:
Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Աղբյուրը` Իրավաբան.net