«Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետևյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություններից հետո կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ: Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, մեղավորի և անմեղի միջև: Սա շատ վատ հանգամանք է: Իմ խնդրանքն է ձեզ, իմ կոչն է ձեզ, որպեսզի ձեր կառավարությունները և մեր կազմակերպությունը առարկայորեն զբաղվեն այդ խնդրով»,- այսօր տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ իր ելությում ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, մեր երկրում ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերն ու ապագային միտված ծրագրերը:
«Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիևին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաև ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետևանքների կարող է բերել այսպիսի քայլը: Եվ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը, ինչպես ասացի, վաղուց է սկսվել՝ երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որևէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին»,- նշել է Նախագահ Սարգսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net