Որպես կանոն, ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում: Բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին:
«Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, շահագրգիռ անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը»,- Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Ընդ որում, ժամկետը վերականգնվում է այն բաց թողած անձի համար, այլ ոչ ուրիշ անձանց, եթե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
Իրավաբանի փոխանցմամբ` բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին, սակայն բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ. վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը`իր վարույթում գտնվող գործով:
Աղբյուրը` Իրավաբան.net