Այսօր Հայաստանի Հանրապետության Կառավարությունը քննարկել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների կատարմանն ուղղված որոշման նախագիծը:
Համաձայն որոշման` սահմանվել է մասնավոր անձանց շրջանակը, ովքեր ունեն ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք, քանի որ, իրենց աշխատանքի բնույթից ելնելով, կիրառում են վերոգրյալ տեղեկատվությունը, մասնավորապես`
1) նոտարները.
2) նոտարական պալատը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և ֆինանսական այլ կազմակերպությունները.
4) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան.
5) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն. դրամի հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանական գրասենյակը կամ անհատ ձեռներեց փաստաբանը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
6) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք:
Աղբյուրը` Իրավաբան.net